Day: 26.02.2024
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի…
Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կվախճանեն,
Վերջին հույսերդ կըդավաճանեն, —
Դու որոնածըդ բնավ չես գտնի…
Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս. —
Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի…
Բառարան
աննշմար, նիրհող, բնավ, կվախճանել, բնավ։